38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Էդվարդ Միրզոյանի «Գարունը»

Էդվարդ Միրզոյանի «Գարունը»
12.05.2017 | 10:36

Հաճախ չի պատահում, երբ հայտնի է դառնում այս կամ այն ստեղծագործության հորինման շարժառիթը։ Եվ անկախ այն բանից, դա նպաստո՞ւմ է գործի մեկնաբանությանը, թե՞ ոչ, այնուամենայնիվ, դրա իմացությունն անտարբեր չի թողնում երկը ուսումնասիրողներին և ներկայացնողներին։ Խոսքս Էդվարդ Միրզոյանի «Գարուն» երգի մասին է, որը գրված է չինացի բանաստեղծ Բո-Ցզյույ-Իի (8-9-րդ դդ.) խոսքերով։ Մի առիթով Էդվարդ Միրզոյանի տանն էի։ Թեյ հյուրասիրեցին, զրույց ծավալվեց, խոսքը խոսք բերեց, «հասանք» մինչև Ճապոնիա։ Հիշատակեցինք «թեյի ծեսը», «քարե այգիները», Ստրավինսկու «Ճապոնական երգերը»:

«Չինական պարիսպը» նույնիսկ չխոչընդոտեց մեր «մտքի թռիչքին», և «հայտնվեցինք» միջնադարյան Չինաստանում։ Հիշեցինք բանաստեղծներ Լի Բոյի, Չզան Ցզիի, Մեն Հաո Ժանի, Վան Վեյի խոսքերով գրված՝ Մալերի «Երգ հողի մասին» սիմֆոնիան: Կոմպոզիտորին առաջարկեցի, որ մի «չնաշխարհիկ» երգ էլ ինքը գրի։ Արտասանեցի Բո-Ցզյույ-Իի «Գարունը» ու խոստովանեցի, որ այս խոսքերով ժամանակին գրածս երգը ավելի շատ ուսանողական փորձ էր, մինչդեռ իր գրածը «իսկական» երգ կլինի։ Եվ մինչև թուղթ ու մատիտ բերելը, ես արդեն տեքստը գրել էի անձեռոցիկի վրա։

ԳԱՐՈՒՆ
Գարուն, քո շնչից ձյունը հալվեց ու գնաց,
Վառ շողերիդ տակ հողը երևաց.
Բայց անզոր ես դու, գարուն, սիրելիս,
Որ հալեցնես ձյունը մազերիս։
(թարգմանությունը՝ Հենրիկ ՍԵՎԱՆԻ)

Շատ չանցած մամուլում կարդացի, որ «Գարուն» երգն առաջին անգամ հնչել է Լոս Անջելեսում՝ Գևորգ Հունանյանի կատարմամբ, դաշնամուրով նվագակցել է հեղինակը՝ Էդվարդ Միրզոյանը։ Այդ մասին կոմպոզիտորը պատմել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպման ժամանակ։ Հետագայում Էդ. Միրզոյանը ցանկություն հայտնեց մի քանի երգ էլ ավելացնելու՝ շարք ստեղծելու։ Այդ նպատակով վարպետին տվեցի իմ թարգմանած (ռուսերենից) «Ամառ», «Աշուն», «Ձմեռ» բանաստեղծությունները, նաև Լեոպոլդ Ստաֆի թարգմանած «Չինական սրինգ» շարքից մի քանի նմուշ։ Տվեցի ու ասացի, որ սպասում ենք մի նոր «Տարվա եղանակները» շարքի՝ միրզոյանական վարկածի... Սակայն գործը դանդաղ էր ընթանում. մերթ առողջական խնդիրներն էին շեղում, մերթ հասարակական գործունեությամբ ծանրաբեռնվածությունը։ 2002 թվականի գարունը ուշ եկավ, այն էլ՝ ջերմաստիճանի կտրուկ վայրիվերումներով։ Նման մի օր հանդիպեցի Էդ. Միրզոյանին. նա դժգոհությամբ հարցրեց. «Ի՞նչ է ուզում մեզնից այս եղանակը»։ Առանց երկար մտածելու ասացի. «Այս եղանակն ուզում է, որ Դուք ավարտին հասցնեք Ձեր «Տարվա եղանակները»։ Վարպետը ժպտաց ու ասաց. «Լավ և տեղին արած ակնարկ է»։

Կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական հեռուստահաղորդումը բացվեց նույն «Գարուն» բանաստեղծությամբ՝ իր իսկ արտասանությամբ, ասես խոսքն իր սպիտակած մազերի մասին էր: Վերջապես, 2006-ին Էդ. Միրզոյանը ավարտեց «Տարվա եղանակներ» երգաշարը։ Այն լույս տեսավ 2009-ին, կոմպոզիտորի վոկալ ստեղծագործությունների ժողովածուում։ «Տարվա եղանակների» ¥«Չինական ռոմանսների») մասին ժողովածուի խմբագիր, ամերիկահայ Շահան Արծրունին գրել է. «Տարվա եղանակները» գրվել է մոտ տասը տարի` 1996-2006 թթ. ժամանակահատվածում։ Ոճականորեն դրանք արմատապես տարբերվում են Միրզոյանի մյուս ստեղծագործություններից: Երաժշտությունը սուր է, խորհրդավոր և զուսպ։ Մեղեդային լեզուն անկյունային է, ռիթմիկ բաբախյունը՝ ջղաձիգ, հարմոնիկ բառապաշարը՝ լարված և երաժշտական կառուցվածքը՝ նոսր։ Տպավորությունը, այնուամենայնիվ, ապշեցուցիչ է։ Ստեղծագործությունն ամբողջությամբ առաջին անգամ կատարել է Նունե Բադալյանը 2006-ին՝ Միրզոյանի ծննդյան 85-ամյակի տոնակատարության ժամանակ» (Էդվարդ Միրզոյան, Վոկալ ստեղծագործություններ, Երգ, 2006, էջ 6): Այս երգաշարը կատարել են նաև Հասմիկ Բաղդասարյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանը՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։ «Տարվա եղանակները» հնչել է նաև Նյու Յորքում՝ կորեացի երգչուհի Վան Չանգ Կիմի և Շահան Արծրունու կատարմամբ («Մերկյուր» սրահում)։ Ըստ էության, «Տարվա եղանակները» կարելի է համարել կոմպոզիտորի վերջին ամբողջական ստեղծագործությունը։ Եվ ահա թե ինչու։

Բանն այն է, որ սրան հաջորդող, թվով վերջին գործը՝ «Ասք երկնքին և նրա զարդերին» խմբերգը, հորինելիս Միրզոյանը ոչ թե Ներսես Շնորհալու բանաստեղծությունն է վերածել երգի, այլ հակառակը. նախկինում ստեղծած իր երաժշտությանն է հարմարեցրել այդ տեքստը, հավելելով մի քանի նոր երաժշտական դրվագներ։ Հազար ափսոս, որ վարպետը չհասցրեց եղանակավորել Դու Ֆուի (8-րդ դար) «Երգ» բանաստեղծությունը, որը թարգմանել էի ու մյուս քերթվածների հետ տվել նրան։ Ահավասիկ. «Երգում են։ Դա աղքատն է։ Եվ եթե նույնիսկ նա է երգում ՝ այդ ծերուկը, որը երբեք ոչինչ չի ունեցել, ապա դու ինչո՞ւ ես տնքում, որ տեր ու տիրակալ ես այդքան գեղեցիկ հիշողությունների»:


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 18432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ